Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հայցադիմումի քննությունը վարչական դատարանում ավարտվել է, սակայն դատարանը որոշումը կկայացնի ապրիլի 14–ին։
Հիշեցնենք, որ ՕՐՕ դաշինքը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ, սակայն ԿԸՆ–ն մերժել էր դիմումը, ինչից հետո դաշինքը ԿԸՀ որոշումը բողոքարկելու հայցով դիմել էր վարչական դատարան։ Շուրջ մեկ ժամ տեւած նիստից հետո դատավոր Աղասի Դարբինյանը հայտնել է, որ դատական ակտը կհրապարակվի ապրիլի 14–ին՝ ժամը 15։00–ին։




























