Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, թե «ոչ» է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Թուրքական Karar.com-ի սյունակում հրապարակած հոդվածում Էթյեն Մահչուփյանը շեշտել է․ թե ինքը կողմ է նախագահական համակարգին, սակայն սահմանադրական փոփոխություններով առաջարկված տարբերակը ոչ թե նախագահական է, այլ մեկ մարդու ռեժիմ, որի համար ինքը «ոչ» է քվեարկելու։

«Այլոց կարծիքները չեն կարող իմ որոշման վրա ազդելլ։ Ես հստակ եմ որոշել»,-գրել է Էթյեն Մահչուփյանը։

Նշենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Դրական արդյունքի դեպքում Թուրքիան անցնելու է նախագահական կառավարման համակարգին։