Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել Եվրատեսիլ- 2017 երգի միջազգային մրցույթին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Պաշտոնապես հաստատվելուց հետո, որ Եվրատեսիլի ռուս մասնակից Յուլիա Սամոյլովային թույլ չի տրվի Կիեւ մուտք գործել Եվրատեսիլ-2017 երգի մրցույթին մասնակցելու համար, EBU-ն պաշտոնապես «Առաջին ալիքին» երկու այլընտրանք է առաջարկել, որը Ռուսաստանին թույլ կտար այս տարի մասնակցել այդ մրցույթին: Ռուսաստանը կամ կարող էր մասնակցել արբանյակի միջոցով, կամ փոխարինել երգչին այնպիսի մասնակցով, ով կկարողանա օրինական Ուկրաինա մեկնել», - ասվում է EBU-ի պաշտոնական հայտարարությունում:
Եվրոպական հեռարձակման միությունում արձանագրել են, որ «Առաջին Ալիքը» դժբախտաբար մերժել է երկու առաջարկությունները, ինչպես նաեւ հրաժարվել հեռարձակել մրցույթը:
«Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել մրցույթին այս տարի: Մենք կցանկանայինք, որ բոլոր 43 երկրները կարողանան մասնակցել եւ արեցինք հնարավոր ամեն ինչ` այդ նպատակին հասնելու համար», - ընդգծվում է հայտարարությունում:
Եվրատեսիլ-2017 երգի մրցույթին մասնակցելու համար Ռուսաստանն ընտրել էր երգչուհի Յուլիա Սամոյլովային` «Flame is Burning» երգով:




























