2016-ին ExxonMobil-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի եկամուտը կազմել է 27,4 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով արժեթղթերի ու բորսայի ամերիկյան հանձնաժողով փոխանցված ընկերության տվյալներին:

Թիլերսոնի փոխհատուցման փաթեթն աճել է 0,5 տոկոսով, քանի որ նրա աշխատավարձը մեծացել է 4 տոկոսով` հասնելով 3,2 մլն դոլարի, 8 տոկոսով աճել է նաեւ պարգեւատրումը, հասնելով 19,7 մլն դոլարի: 7 տոկոսով մեծացել է նաեւ թոփ մենեջերների «արտոնությունների» արժեքը` հասնելով 575 հազար դոլարի:

65-ամյա Ռեքս Թիլերսոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է պետքարտուղարի պաշտոնում 2016-ի դեկտեմբերին: Պետքարտուղարի աշխատավարձը 207,8 հազար դոլար է: Պաշտոնին անցնելով` Թիլերսոնը հրաժարվել է ExxonMobil ընկերության 2,8 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերից: