Հայ ազգային կոնգրես կուսակցությունն այսօր կդիմի Սահմանադրական դատարան ապրիլի 2-ին կայացած ընտրությունների օրնականությունը վիճարկելու նպատակով: Այս մասին Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 14-ին, հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իրենց դիմումի հիմքը երեք հանգամանք է: Առաջինը՝ վարչական ռեսուրսը, երկրորդը՝ ընտրակաշառքը եւ երրորդ՝ վերահսկողությունը:
«Հավաքել ենք բավականաչափ նյութեր: Այդ նյութերն ասում են, որ միջինն ամեն տեղամասում ընտրողների 5 տոկոսը իբր կույր է եղել, գյուղերում ավելի շատ, պետք է ակնաբուժարաններ կառուցել: Արաբկիրում 100 հոգի կարիք են ունեցել օգնողի: 28 հազար դիտորդ են եղել, ես նայեցի մի քանի տեղ դրանք թաղի խուժանն է եղել: Նրանք տեղամասում էին: Երբ պետք էր գրպանից հանում էր դիտորդի բեյջը, երբ պետք էր՝ վստահված անձի: Մի տեղ կա 25 տոկոսն օգնությամբ է քվեարկել: Գյուղերից մեկում 130 հոգու օգնել են»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նշենք, որ օրենսդրության համաձայն խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու ժամկետն այսօր է՝ մինչեւ ժամը 18.00: Բողոքարկման դեպքում նոր խորհրդարանի լիազորությունները օրինական ուժի մեջ կմտնեն ոչ թե ապրիլի 27-ին, այլ մայիսի 18-ին (առավելագույն ժամկետն է):




























