Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ չի լսել իր կուսակից Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) օգտին ձայների հավաքագրման աղմկահարույց ձայնագրությունը, քանի որ այն շատ երկար է:

«Ես չէի ցանկանա հիմա մեկնաբանել լրատվության նյութերը, ինձ պարզապես տեղակեցրել են այդ մասին, բայց ես չեմ հասցրել ուսումնասիրել»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է Վահրամ Բաղդասարյանը:

«Սակայն ես կարծում եմ, որ կուսումնասիրվի՝ արդյոք պատգամավորության թեկնածուն տեղյա՞կ է եղել այդ ամենից: Ես կուսումնասիրեմ և ապագայում կխոսեմ այդ մասին»,-ասել է Բաղդասարյանը:

Հարցին՝ կարո՞ղ է այդ ձայնագրությունը հիմք հանդիսանալ, որ Արտակ Սարգսյանը վայր դնի մանդատը, Վահրամ Բաղդասարյանը կրկին պատասխանեց, որ այդ մասին կխոսի, երբ մանրամասն կուսումնասիրի նյութերը. «Ես չեմ ցանկանում առանց ուսումնասիրելու մեկնաբանություններ անել»:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ առաջիկայում կուսակցությունը գործադիր մարմնի նիստ կունենա, որի ժամանակ, եթե լինի անհրաժեշտություն, այդ հարցը կքննարկի:

Նրա խոսքով, եթե նման դեպքերը լայնածավալ բնույթ են կրել, ապա դրանց հարկավոր է անդրադառնալ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Hayastan24   կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից  մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից: