Կրթության եւ գիտության նախարարությունը շարունակելու է նախընտրական շրջանում ավագ դպրոցների տնօրենների հայտնի ձայնագրությունների վերաբերյալ քննությունը, որպեսզի պարզի, թե արդյոք ՀՀԿ-ի օգտին ցուցակագրումները կատարվել են աշխատանքի ժամին, թե աշխատանքի ժամից դուրս: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ի սկզբանե ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է այդ խնդրով:
Նրա խոսքով, ԿԳՆ-ն արդեն իսկ ունի այդ տնօրենների բացատրությունները. «Ավագ դպրոցների մասով մենք դեռ շարունակելու ենք գործընթացը, հասկանալու ենք, թե ինչպես է տեղի ունեցել եւ այդ խոսակցությունների վերաբերյալ արդեն ունենք բացատրությունները: Տնօրենները, որոնք դիմել են դատարան, իրենք գտնում են, որ իրենց իրավունքներն են խախտված եւ արդեն դատական ձեւով են փորձում դա վեր հանել»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, տնօրենները ճիշտ կանեին դատի տային ՀՀԿ-ին՝ իրենց քաղաքական խաղերի մեջ ներգրավելու համար, ոչ թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին եւ դրա նախագահ Դանիել Իոաննիսյանին, նախարարը նշեց. «Խորհուրդ կտայի այդ տնօրենները, որ դատի են տվել, իրենց տեսակետն ընդունել: Իրենք գտնում են, որ իրենք կուսակցության անդամ են եւ իրավունք ունեն աշխատանքից հետո իրականացնել որոշակի գործառույթներ: Դատական համակարգն այլ է, բայց մենք մեր մասով պետք է հասկանանք՝ կրթության գործընթացում կրթական լծակներն օգտագործվե՞լ են աշխատանքի ժամին, օգտագործվե՞լ են այլ ռեսուրսներով: Երեւի թե մարզպետներն ու քաղաքապետը պետք է նույն բանը ճշտեն իրենց ոլորտներով»:
Լեւոն Մկրտչյանը նշեց, որ դեպքի մասին բարձրաձայնելուց անմիջապես հետո տեղում շրջաբերական է եղել, որում գնահատական կար, որ դա անթույլատրելի է. «Հիմա մենք ունենք իրենց բացատրությունները, եւ ունենք նաեւ կոնկրետ ձայնագրությունների փաստերը»:
Հարցին, թե տնօրեններն իրենց բացատրություններում ասել են, որ աշխատանքից դո՞ւրս են ցուցակագրումներով զբաղվել ու փոխանցել մարզպետարաններին, քաղաքապետարաններին, նախարարն արձագանքեց. «Եկեք թողենք հանձնաժողովն աշխատի, արդյունքները հասկանանք: Եթե աշխատանքի ժամից դուրս է, թույլատրելիության սահմաններում է: Իսկ եթե աշխատանքի ժամին է եղել, դա օրենքի խախտում է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:
Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:




























