ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քաղաքական համագործակցությունը կախված չէ ԱԺ-ում այդ ուժերի քվեների մեծ ու փոքր լինելուց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ այս պահին ընթացող բանակցություններին:

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հիմքում Դաշնակցությունը դրել էր իր առաջ քաշած 7 կետերը, որոնցից գլխավորը խորհրդարանական կառավարման անցումն էր. ««Նոր կոալիցիայի հիմքում եւս կդրվի գաղափարական հուշագիր, նախ թե ինչպես է շարունակվելու այդ  7 կետերի ծրագիրը, երկրորդ՝ նոր խորհրդարանում ձայների որոշակի հատված կա, որտեղ անհրաժեշտ է 2/3 ձայն»:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ՀՀԿ-ն նոր ԱԺ-ում ցանկացած որոշում չի կարող անցկացնել, նոր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս. «Դրա համար կա որոշումների մի ծավալ, որոնց համար այլ թվաքանակ է  անհրաժեշտ: Երկրորդ բլոկով մեզ համար կարեւոր է բովանդակային համագործակցությունը: ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թեեւ ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել է միայնակ կառավարություն ձեւավորելու իրավունք, սակայն մտադիր է կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ եւ ներկայումս ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ բանակցություններ են ընթանում համագործակցության շուրջ: