«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի՝ ընդդեմ ԿԸՀ-ի հայցադիմումի մերժման որոշումը Վերաքննիչ դատարանը չի կայացրել: Այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը:
«Իշխանական բոլոր թեւերը նույն խաղն են խաղում: Իմ կարծիքով, Վարչական դատարանն այս որոշումը չի կայացրել, գրել են, իրենք էլ ստորագրել են երեւի: Չեմ կարծում, որ մեր պայքարն այսքանով կավարտվի, սա մեկ դաշինքի, կուսակցության խնդիր չի, այլ մի ամբողջ ժողովրդի»,-ասաց նա:
Հրայր Ավանեսյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամեն ինչ արեց, որպեսզի ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում չմիավորվեն եւ չհամեմատվեն եւ հենց այդ քայլով էլ ստվեր նետեց ընտրական ընթացակարգի վրա:
«ԿԸՀ-ն ամեն ինչ անում է, որպեսզի չհամեմատի մատնահետքերը, բայց ես կարծում եմ, որ այդ համեմատությունը Հայաստանին կբերեր մի նոր մակարդակի՝ կունենայինք, թե իրականում քանի ընտրող է խորհրդարանական ընտրություններին մասնակցել: ԿԸՀ-ն այս քայլով ստվեր նետեց ամբողջ գործունեության վրա, ընտրական ընթացակարգի վրա: Եթե այսպես էր լինելու, ապա ու՞մ էին պետք այդ մատնահետքերը, սարքավորումները, ո՞ւմ էր պետք այդքան ծախսը: Ի՞նչ է, դա կնոպկի տեղ էր, ուրեմն 10 ցենտով կարելի էր կնոպկա դնել, մարդը սեղմեր, մատնահետքի փոխարեն այդ կտրոնը դուրս գար, ու՞մ աչքին ենք թոզ փչում: Իմ տրամաբանությունը չի կարողանում այս որոշումը մեկնաբանել, եթե մարդ լինի, որի տրամաբանությունը հերիքի, որպեսզի այս որոշումը մեկնաբանի՝ ուրախ կլինեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՕՐՕ դաշինքը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ, սակայն ԿԸՆ–ն մերժել էր դիմումը, ինչից հետո դաշինքը ԿԸՀ որոշումը բողոքարկելու հայցով դիմել էր վարչական դատարանն, որն այսօր մերժվեց:




























