Հանրապետական կուսակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, որը Շիրակի մարզում ստացել է ընդամենը 1140 քվե, եւ ՀՀԿ-ական թեկնածուների մեջ 6-րդ տեղն է գրավել, դեռ հույսը չի կորցնում, որ կարող է հայտնվել նորընտիր խորհրդարանում։ Նա NEWS.am–ի հետ զրույցում  հայտարարեց, թե  դեռ վաղ է ասել Շիրակի մարզում առաջադրված թեկնածուներից ով է ընտրվել պատգամավոր, ով՝ ոչ։ Սա այն դեպքում, երբ Սուքիաս Ավետիսյանը շուրջ տասն անգամ քիչ քվե է ստացել ՀՀԿ ցուցակով առաջադրված Արման Սահակյանից, Ֆելիքս Ցոլակյանից եւ Մարտուն Գրիգորյանից։

Պարոն Սուքիասյան,  ինչո՞ւ չկարողացաք հաղթահարել, այսպես ասած, անցողիկ շեմը...

Անցողիկ շեմ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Ո՞վ է  որոշել՝ ով է ընտրվել, ով՝ չէ։

Ուզում եք ասել՝ Ձեր ստացած ձայներով Դուք ընտրվե՞լ եք։ 

Ես չգիտեմ՝ ով է որոշել անցողիկ շեմը, համենայնդեպս անցողիկ շեմ հասկացողություն չկա:

Դուք անհամեմատ քիչ  ձայն եք հավաքել՝ ի տարբերություն մյուս թեկնածուների։

Նայած ինչի հետ եք համեմատում։

Մարտուն Գրիգորյանից, Ֆելիքս Ցոլակյանից, Արման Սահակյանից  քիչ եք հավաքել։

Ասում եմ՝ նայած ինչի հետ եք համեմատում։ Ոչ ոք չի որոշում՝ ով է գնում խորհրդարան, երբ որ կորոշեն,  նոր կարող եք Ձեր հարցերը տալ,  դեռ պարզ չէ՝ ով է գնում խորհրդարան, ով՝ չէ։ Իմ համար դեռ հստակ չէ որեւիցե բան։

 Ինչո՞վ եք բացատրում Ձեր օգտին այդքան քիչ ձայների առկայությունը։

Դա ընտրազանգվածին հարցրեք։

Հիասթափվա՞ծ եք ընտրողներից, կարծում եք՝ Ձեզ չե՞ն գնահատել։

Ես ընդհանրապես փորձում եմ չհիասթափվել ոչ մի բանից։

Ձեր կուսակից, «Կիլիկիա» գործարանի սեփականատեր  Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր՝ այսուհետ ոչ մեկին չի օգնելու, որովհետեւ  պատգամավոր աշխատած տարիներին մարդկանց  կենսական կարիքները հոգացել է, սակայն չեն քվեարկել իր օգտին, Դո՞ւք էլ եք այդպես վարվելու...

Ինքը ճիշտ է ասում՝ մարդիկ պիտի գնահատել իմանան,  ցավոք, շատ շատերը  գնահատել չգիտեն։  Իմ ընտրողները եթե դիմեն ինձ՝ կօգնեմ։

 Բայց Դուք չեք կարող  իմանալ, չէ՞ նրանք կոնկրետ քվեարկողներն են, թե՝ ոչ

 Ես հստակ կարող եմ ասել։

 Դուք հստակ գիտե՞ք՝ Ձեզ ովքեր են ընտրել, ովքեր՝ ոչ։

Այո, հստակ գիտեմ...

Պարոն Ավետիսյան, փաստեր հրապարակվեցին, որ վարչական ռեսուրսի գործադրմամբ մարդկանց ստիպել են քվեարկել ՀՀԿ–ականների օգտին,  ընտրակաշառքի մասին տեղեկություններ  կան, Դուք կարծում եք, որ այդ երեւույթներն իրենց ազդեցությունն ունեցա՞ն ընտրությունների վրա։

Ընդհանրապես էդ թեման ինձ համար փակ թեմա է։

Ինչո՞ւ է փակ թեմա։

Չեմ ուզում այդ թեմայի մասին ընդհանրապես  խոսել։

Ինչ եք կարծում, Շիրակի մարզից արժանինե՞րն են ընտրվել։

Երբ կընտրվեն, նոր կարելի է հարցնել։ Դեռ դժվար է ասել ընդհանրապես ով է ընտրվել, ով՝ չէ։

Իսկ արդար են եղել ընտրությունները:

Այո, այո։