«Բարեւ Երեւանը» դատապարտում է իշխանությունների կազմակերպած հետապնդումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հանդեպ՝ ի դեմ Դանիել Իոաննիսյանի, եւ հայտարարում, որ զորավիգ է լինելու նրան: Այս մասին ասված է «Բարեւ Երեւանի» տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
«Դպրոցն այն տեղն է, ուր կրթվում եւ ձեւավորվում է երկրի ապագա քաղաքացին: Դպրոցը երկրորդ օջախ է: Իսկ մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես է աղավաղվում դպրոցի դեմքը, գետնին հավասարվում նրա՝ առանց այդ էլ իջած վարկանիշը: Ու հանուն ինչի՞: Ծառայամտությա՞ն:
Էլ ո՞ւմ վրա ենք վաղը հույսներս դնելու: Ձեր դաստիարակած ուսուցիչների ու տնօրենների՞, թե՞ իրավաբանների ու իրավապահների, որոնց հուսին եք մնացել այսօր՝ ձեր կորցրած արժանապատվությունը հանձնելով նրանց ճարպկությանն ու հնարամտությանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի բացահայտումն իրականում մի պարզ ճշմարտություն էր, որից տեղյակ էին բոլորը, բայց չգիտեին անուն առ անուն: Ու ի՞նչ են ակնկալում այդ անունները իշխանահաճո դատարաններից: «Արդարության» վերականգնո՞ւմ: Ենթադրենք՝ «վերականգնվեց» Ի՞նչն է փոխվելու:
Միեւնույնն է, այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու:
«Բարեւ Երեւանը» դատապարտում է իշխանությունների կազմակերպած հետապնդումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հանդեպ՝ ի դեմ Դանիել Իոաննիսյանի, եւ հայտարարում, որ զորավիգ է լինելու նրան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:
Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:




























