Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում իրեն հատուկ ոճով մեկնաբանեց, թե ինչպես է ստացվել, որ 16 տարի լինելով պատգամավոր՝ Գեղարքունիքի մարզում իր ստացած քվեներով հայտնվեց երրորդ հորիզոնականում, իսկ նախկին ՕԵԿ–ական, ՀՀԿ շարքերը համալրած Կարեն Բոթոյանը առաջատարն է։
Նա, մասնավորապես ասաց հետեւյալը. «Հասարակությունը բաժանված է տարբեր շերտերի, գիտնականները փորձ են արել, վերցրել են հինգ աղջկա նկար, ցույց են տվել հինգ տղայի եւ այդ նույն հինգ տղայի նկարը ցույց են տվել հինգ աղջկա, նրանց կարծիքները իմացել են նախապես, հետո աղջիկները հանդիպել են տղաների հետ ու այդ նույն գնահատականը, որը որ եղել է նկարով, այդ գնահատականը մարդիկ կարողացել են իրական կյանքում ցույց տալ եւ երեքը հավանել են իրար։ Սա կոչվում է սիրո փորձ, եղա՞վ։ Հիմա, հասարակությունը բաժանված է տարբեր շերտերի ... Կարեն Բոթոյանը ներկայացնում է այն շերտը, որը որ ընտրել է Կարեն Բոթոյանին»։
Իշխանության ներկայացուցիչը պնդում է, որ թիմակիցները սուրբ գրքի մարդիկ չեն եւ կարող են միմյանց նկատմամբ զբաղվել սեւ PR-ով, քանի որ մրցակիցներ են. «Թիմակիցներ ասվածը Սուրբ գրքի մարդիկ չեն, թիմակիցները սրբությամբ չեն տառապում, ընտրության ժամանակ մարդիկ տառապում են շատ սուտ ասելով մի պայմանով, որ կարողանան ընտրողին ներքաշել ընտրության մեջ, սա է ընտրության սկզբունքը»։




























