Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ:

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նշված ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:

Անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում: Քրեական ընթացակարգի շրջանակում պետք է այս հարցում երաշխավորել նաև ձայնագրության մեջ առկա անձանց պաշտպանությունը: Այդ պաշտպանության հարցում հնարավոր ցանկացած խախտում բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասութան սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Hayastan24 կայքը հրապարակել է «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած նախընտրական ժողովներից  մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:

Ըստ մամուլի տեղեկությունների վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: