Ապրիլի 15-ի գիշերը ներգաղթյալների միջեւ բախումներ են գրանցվել Փարիզի հյուսիսային Պորտ դե լա Շապել շրջանում: Le Parisien-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցել է ավելի քան 100 փախստական՝ աֆղանցիներ եւ սուդանցիներ:

Վեճը բռնկվել է ներգաղթյալների ընդունման կենտրոնում տեղերի պակասի պատճառով, որն այս շրջանում բացվել է անցյալ տարի: Ոստիկանությունը ստիպված էր միջամտել դիմակայությանը, որին հաջողվել է կարգը վերականգնել միայն մի քանի ժամ անց:

Բախման հետեւանքով 20 ներգաղթյալ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:

Պորտ դե լա Շապել շրջանում փախստականների ընդունման կենտրոնը սկսել է գործել 2016-ի նոյեմբերին: Այն կարող է ամեն օր ընդունել 50-ից մինչեւ 75 նոր ներգաղթյալների, ունի ընդհանուր 400 մարդ տեղավորելու հնարավորություն: Ըստ որում՝ կենտրոնում մնալու ժամկետը սահմանափակված է 10 օրով: Եթե խոսքը ապաստան հայցող փախստականների մասին է, ապա նրանք տեղափոխվում են համապատասխան բնակավայրեր, սակայն արդեն Փարիզի սահմաններից դուրս:

Ապօրինի ներգաղթյալներն արտաքսվում են: