Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիմել է քրիստոնյաներին՝ խոսելով Քրիստոսի Հարության խորհրդի մասին:

Տասնյակ հազարավոր հավատացյալների առջեւ նա հանդես է եկել «Քաղաքին ու աշխարհին» ուղղված ուղերձով:

Մինչ Պապի՝ Վատիկանի գլխավոր բազիլիկայի կենտրոնական մաս դուրս գալը, հնչել են Իտալիայի եւ Վատիկանի հիմները:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- ողջունել է Պապը: Նա խաղաղության կոչ է հնչեցրել: Խոսելով թեժ կետերի մասին՝ նա Տիրոջը խնդրել է «ամբողջ Մերձավոր Արեւելքին խաղաղություն բերել՝ սկսած Սուրբ հողից», ինչպես նաեւ «Սիրիայի, Իրաքի, Եմենի, աֆրիկյան երկրների՝ Սուդանի, Հարավային Սուդանի, Սոմալիի, Կոնգոյի ժողովուրդներին, որոնք տառապում են հակամարտությունների արդյունքում»:

Նա Ուկրաինայում հակամարտության շուտափույթ կարգավորման կոչ է արել, խոսել Եվրոպայում գործազրկության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ հաջողություններ ու առողջություն է մաղթել փախստականներին ու միգրանտներին, հիվանդներին ու երեխաներին:

Ֆրանցիսկոսը նշել է, որ ողջ աշխարհի քրիստոնյաները միաժամանակ են նշում Զատիկը: Նրա անունից հավատացյալներին Զատիկի կապակցությամբ մեղքերի  խորհրդանշական թողություն է արվել: