Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ սրացումները կարող են հասնել ցանկացած փուլի՝ չնայած խոշորամասշտաբ միջուկային պատերազմը քիչ հավանական է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Խոսելով Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների հետագա սրացման մասին՝ ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռ արձակելու ֆոնին, քաղաքագետը նշել է, որ ռուս-ամերիկյան սրացումը շատ հնարավոր է, եւ պարտադիր չէ, որ առիթը լինի Հյուսիսային Կորեան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից այժմ ցանկացած քայլի կարելի է սպասել։ Նա, ըստ երեւույթին, շատ իմպուլսիվ է, ոչ ռացիոնալ, վատ է հասկանում քաղաքականությունից եւ զգալիորեն գործում է  հանցախմբի ղեկավարի ոճով։ Համապատասխանաբար, նրանից կարելի է սպասել ամեն ինչ, այդ թվում՝ Ռուսաստամի եւ Ամերիկայի միջեւ ցանկացած սրման», -ընդգծել է Խրամչիխինը։

Քաղաքագետը նշել է, որ Թրամփի վրա ուժեղ ճնշում է գործադրվում նաեւ իսթեբլիշմենթի կողմից, որը պահանում է ոչ մի դեպքում չմեղմացնել քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ եւ նույնիսկ կարող է խստացնել այյն։

Ի պատասխան այն հարցի, թե ինչպիսին կարող է լինել ռուսական կողմից արձագանքը, քաղաքագետն ասել է. «Ռուսաստանն, ըստ երեւույթին, զիջել մտադիր չէ։ Այսինքն՝ Մոսկվան չի ցանկանում առճակատման գնալ, սակայն սկզբունքային հարցերում զիջել մտադիր չէ»։