«Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում ապրիլի 3-ին նորածնի մահվան մեջ հարազատները մեղադրում են կենտրոնի նեոնատոլոգ Գայանե Խաչատուրյանին:
NEWS.am-ի հետ զրույցում մահացած նորածնի հայրը՝ Մարատ Էմինյանը, հայտնեց, որ ինքն ու կինը դեպքի վերաբեյալ երկու անգամ արդեն հարցաքննվել են եւ քննիչին ասել են, որ կատարվածում միայն Գայանե Խաչատուրյանին են մեղադրում:
«Վիրահատող բժշկուհու հետ մենք որեւէ խնդիր չունենք, մենք ամեն ինչում միայն Գայանեին ենք մեղադրում»,- ասաց նա:
Մարատ Էմինյանը նշեց, որ վիրահատող բժշկուհին ցուցմունք տվել է, իսկ նեոնատոլոգի վերաբերյալ տեղեկատվություն իրենք չունեն:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում ապրիլի 3-ին նորածին է մահացել: Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինն ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան վիրահատություն։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երեխայի հայրն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փոքրիկը մահացել է բժշկուհի Գայանե անփութության պատճառով: Մինչդեռ կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել էր, որ մահացած նորածնի լեյկոցիտների քանակը եղել է 50 հազար, ինչը ներանգանդային ինֆեկցիայի հետեւանք կարող է լինել:
«Երեխան ծնվել է անհաս, հաջորդ օրն արդեն վիճակը ավելի է վատացել. ունեցել է շնչարգելություն, հեւոց, կապտություն, եւ պարզվել է, որ լեյկոցիտների քանակը 50 հազար է, նորման 5 հազար է, սա կարող է ծանր ներարգանդային ինֆեկցիայի հետեւանք լինել»,- ասել էր նա:




























