ԱՄՆ-ի համար շատ դժվար կլինի կանխարգելիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ին այնպես, որ այն արդյունավետ լինի ու կարողանա չեզոքացնել Փհենյանի ամբողջ ուժերը։ Նման կարծիք է հայտնել Yomiuri պարբերականը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի այցը Հարավային Կորեա ու Ճապոնիա եւ նրա հայտարարություններն այն մասին, որ Փհենյանի նկատմամբ Վաշինգտոնի «մարտավարական համբերության» ժամանակաշրջանն ավարտվել է, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Պարբերականը նշում է, որ Հարավային Կորեայի սահմանի երկայնքով ԿԺԴՀ-ի սահմանին մոտ 300 հրետանային սարքավորումներ են տեղակայված։ Բացի այդ, Հյուսիսային Կորեան ունի ռումբից պատսպարվելու ցանցեր ու ստորգետնյա կառույցներ։ Պարբերականի կարծիքով՝ դա Փհենյանին հնարավորություն է տալիս ծավալուն պատասխան հարված հասցնել։
Բացի այդ, եւ Վաշինգտոնը, եւ Սեուլն այժմ մեծ նշանակություն են տալիս այն բանին, որ Չինաստանը կարող է ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա։
ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային ծրագրերի խնդիրը առանցքայիններից մեկն է եղել Փենսի՝ Հարավային Կորեա ու Ճապոնիա այցերի ընթացքում։ Մասնավորապես, երկուշաբթի օրը Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անի հետ հանդիպման ընթացքում ԿԺԴՀ-ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նոր ռազմական սադրանքներ իրականացնելու դեպքում։




























