Հայաստանում այս պահին հետընտրականը ծանրագույն հիասթափության շրջանն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով ընտրակեղծիքներին, Հրանուշ Խառատյանն ասաց, որ իշխանությունը կրկնում է նախորդ ընտրությունների իր թեզը, թե եթե չեք բռնել, ուրեմն չկա նման բան.  «Այս իրավիճակը շատ լավ ցուցադրում է, թե ինչպես է մեր հասարակությունը զզվել այս ամենից ու ծանրագույն հիասթափություն է ապրում բարոյականության փշրանքներն անգամ պահելու անկարողությունից: Ակնհայտ է, որ իշխանությունը կամք չունի՝ նույնիսկ ձեւացնի, թե ինքը պարկեշտության մի քայլ պետք է անի: Կարծում եմ՝ սրանք հետընտրական զարգացումներ են հանրային ընդհանուր մթնոլորտի ձեւավորման, ոչ թե ցուցադրության»:

Նրա խոսքով, ստացվում է, որ մենք ունենք երկու հասարակություն՝ մի հասարակություն, որն իշխանության հետ միասին՝ նույնքան ագրեսիվ ձեւավորում է այն, ինչ մեզ մոտ քաղաքական կամք են անվանում, եւ մյուս հասարակությունը, որը, մեծ հաշվով, այլեւս չի դիմադրում. «Սա ճիշտ նրա նման է, որ ասում են՝ քեզ բռնաբարում են, լռիր եւ փորձիր հաճույք ստանալ»,-ընդգծեց Հրանուշ Խառատյանը: