Ծառուկյանի թիմը մի քիչ վիրավորված է, իրեն ավելին էր խոստացված, քան հիմա ունի Ազգային ժողովում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու խորհրդարանական ընտրություններին մասնակցած շատ ուժեր չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին:
«Հայկական Վերածնունդը» դեռ իր վերքերն է լիզում եւ դեռ, կարծում եմ, լուծումներ է փնտրում ՀՀԿ-ի հետ հասնելու մի իրավիճակի, որ իրեն լծակ տրամադրվի: Քանի դեռ այդ բանակցություններն իր համար դրական ավարտ չեն ունեցել, կարծում եմ՝ դժվար թե ինքը քաղաքական կյանքում որեւէ ակտիվություն ցուցաբերի:
Կարծում եմ՝ Ծառուկյանի թիմն այս պահին ՀՀԿ-ի հետ արդեն փոխպայմանավորվել է ԱԺ-ում իր հեռանկարների եւ հնարավորությունների մասին: Կարծում եմ՝ Ծառուկյանի թիմը մի քիչ վիրավորված է, կարծում եմ՝ իրեն ավելին էր խոստացված, քան ինքը ներկա պահին տիրապետում է ԱԺ-ում, եւ կարծում եմ՝ դա մի կողմից՝ վիրավորանքի պոզա է, մյուս կողմից՝ նաեւ ՀՀԿ-ի հետ որոշ պայմանավորվածության, որ իրենք մեծ քաղաքականության թռիչքի պետք է մասնակցեն, ոչ թե Երեւանի կառավարման եւ ավագանու խնդիրներով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ից, Խառատյանը շատ տխուր է նրանց համար. «ՀՅԴ-ի համար ես շատ տխուր եմ: Ավանդական կուսակցություն է եւ Հայաստանում նույնիսկ սոցիալիզմի շրջանի ջախջախումներին, միշտ ունեցել է իր թաքուն կամ բաց համակիրները: ՀՅԴ-ն ունի կայուն էլեկտորատ, որի ընտրությունը գաղափարական էր: Կուսակցությունն այս ընթացքում այնքան մաշեց հավատավոր մարդկանց, նաեւ հասարակության մեջ իր նկատմամբ վստահությունը, որ ես վստահ եմ, որ այս ընտրություններում 7 տոկոսը ճգնաժամային հաղթահարում է եղել, ամենայն հավանականությամբ, դարձյալ ՀՀԿ-ի օգնությամբ: Կարծում եմ՝ ՀՅԴ-ն նորից իրեն չէր դնի մի վիճակում, երբ նա ուժերի գերլարումով կարող էր 1-2 տեղ ստանալ Երեւանի ավագանու կազմում: Սա կարծում եմ՝ լրիվ կբացեր իր տխուր պատկերը: Բացի այդ, դա չէր ազդելու քաղաքի կառավարման խնդիրներին:
Մյուս կուսակցությունների մասին թույլ տվեք չասել, թե ընտրությունների արդյունքների պատճառով, թե նրանց բարձր թռիչքի: Իմ կարծիքով, ՀԱԿ-ն, ընդհանրապես, մի գերխնդիր ունի եւ այդ խնդիրը քաղաքային խորհրդում չի լուծվում»:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, որին մասնակցում են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:




























