Սաուդյան Արաբիան հանդես է գալիս հօգուտ Սիրիայի միասնականության եւ ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձեւի իրականացման։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ադել էլ-Ջուբեյրը՝ ամփոփելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Ինչ վերաբերվում է Սիրիային, մենք քննարկել ենք այդ երկրի միասնականության պահպանման, քաղաքական լուծում ձեռք բերելու անհրաժշտությունը՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Այդ որոշումը պետք է հենվի Ժնեւ-1-ի  եւ ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձեւի վրա», - նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան սիրիական ընդդիմության հետ աշխատում է  Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Բացի այդ, Սաուդյան Արաբիան կողմ է Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառության հետաքննությանը, նշել է նախարարը։

Էլ-Ջուբեյրը նաեւ նշել է, որ «Հըզբոլլահ»-ը Սիրիայում տեղ չունի եւ Էր Ռիադը ցանկանում է վերջ դնել տարածաշրջանի գործերին Իրանի միջամտությանը։