Ապրիլի 27-ին Իսրայելի հրթիռային հարվածը Դամասկոսի միջազգային օդանավակայանում ավիացիայի աշխատանքի վրա չի ազդել: Սիրիայի մայրաքաղաքի օդային դարպասները աշխատում են հաստիքային ռեժիմով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը:
«Օդանավակայանն աշխատում է չվացուցակի համաձայն, բոլոր չվերթները կատարվում են առանց ուշացումների: Ահաբեկչական հարձակումն իրականացվել էր երկրի վերականգնմանը խանգարելու, ենթակառուցվածքային օբյեկտները կործանելու եւ սիրիացիների հոգիներում վախ սերմանելու համար: Այս նպատակը երբեք չի իրականանա»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ երկի տրանսպորտային համակարգը հաջողությամբ դիմակայում է ահաբեկչությանը եւ Սիրիայի դեմ ծավալված պատերազմին:
«Գրոհայինները համաշխարհային ազդեցիկ տերությունների աջակցությամբ ձգտում են ոչնչացնել սիրիացի ժողովրդի բոլոր ձեռքբերումները: Մշտական հարձակումների են ենթարկվում կամուրջները, երկաթուղիները, կայարանները, օդանավակայանները, բժշկական փոխադրամիջոցները: Պատժամիջոցներ են սահմանվել սիրիական ավիաընկերությունների եւ նավերի նկատմամբ: Թշնամիները ցանկանում են երկրի ներսում տրանսպորտային հաղորդակցությունն առավելագույնս կործանել եւ նրան շրջապատող աշխարհից մեկուսացնել»,- հավելել է Համուդը:



























