Նյու Յորքի ոստիկանությունը ռուս նկարիչ համարվող տղամարդուն, ով մերկ փակվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի դիմաց գտնվող թափանցիկ արկղում, բռնի ուժով դուրս է տարել։ Ի դեպ, թանգարանում բարեգործական ընդունելություն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով New York Daily պարբերականին։
41-ամյա Ֆյոդր Պավլովին թանգարան են բերել երկու օգնականներն ու տեղավորել կարմիր գորգի վրա գտնվող արկղում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները Պավլովից պահանջել են դուրս գալ արկղից, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու հրշեջները ստիպված են եղել ուժ կիրառել։ Նրանք Պավլովին դուրս են բերել արկղից, նրան փաթաթել սպիտակ սավանի մեջ ու տարել այնտեղից։
Նշվում է, որ Պավլովին մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու, շրջափակված տարածքը ապօրինի հատելու եւ ոստիկանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեջ։




























