«Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու դաշինքի մյուս անդամները այսօր՝ մայիսի 4-ին քարոզարշավ են իրականացրել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։
Գալշոյան փողոցի շենքերից մեկի բնակիչները դժգոհեցին, որ բարձրահարկի աղբատար խողովակը խցանված է արդեն երկու շաբաթ։ Փաշինյանը շենքի բնակիչներից խնդրեց համատիրության համարը, սակայն բնակիչները չունեին։
Փաշինյանը զանգահարեց, գտավ համատիրության համարը, ապա զանգահարեց համատիրություն եւ, ներկայանալով որպես ԱԺ պատգամավոր եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու, խնդրեց գալ եւ մաքրել խցանումը։ Հավաստիացում ստանալով, որ հարցը կլուծվի, Փաշինյանն ասաց, որ վաղն առավոտյան գալու եւ ստուգելու է։
Ի դեպ, Նոր Նորքի բակերից մեկում Փաշինյանին ողջունեց ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի մայրը եւ հաջողություն մաղթեց։




























