«Երկիր Ծիրանին» Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում՝ նախ ներքին մշակույթն է փոխելու, որ վերանա կոռուպցիան և վերադառնա ժողովրդի վստահությունը կառավարության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Երկիր Ծրանիի» կողմից Երեւանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը:

«Լինելով քաղաքապետ Զարուհի Փոստանջյանը քաղաքապետարանում եւ թաղապետարաններում կոռուպցիան վերացնելու է»,-հայտարարեց նա:

Թեկնածուի խոսքով, Երեւանում տՏրանսպորտի խնդիրը շատ հեշտ կարելի է լուծել. «Նախեւառաջ՝ պետք է կարգ սահմանել, որ այն տրանսպորտը, որը տեխնիկապես էլ չի կարող որևէ ստուգում անցնել, չպետք է Երևանում լինի: Մենք պետք է ավտոբուսներ ունենանք եւ պարտադիր չէ, որ դա լինի միայն քաքաղաքապետարանի ենթակայության տակ, մասնավորն էլ կարող է կառավարել: Մեզ անհրաժեշտ է քաղաքական կամք, որ դա իրականություն դառնա, բայց ՀՀԿ-ական իշխանությունն այդ հարցը 10 տարի է չի լուծում: Մենք կարող ենք ասել, որ տրանսպորտը չի կարող լինել, օրինակ, 20 մարդուց պակաս: Դու կարող ես սահմանել, որ չի կարող մեքենան լինել հին, չափորոշիչներ կարող ես սահմանել մասնավորի համար»:

Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ավագանու թեկնածուն ասաց, որ միանշանակ չի կարելի ասել, որ կարմիր գծերը վատ են, սակայն համակարգը վատ է կառավարվում, բյուջեի գումարները սխալ են ծախսում: «Մենք կողմնակից ենք նպատակաուղղված հարկերի: Այսինքն՝ պետք է հասկանանք, թե հավաքված գումարն ինչ նպատակներով պետք է ուղղվի: Կարմիր գծերից հավաքված գումարը պետք է ուղղվի ճանապարհների եւ հետիոտների անվտանգությանը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ խնդիր են լուծում կարմիր գծերը, «Երկիր Ծիրանիի» թեկնածուն պատասխանեց. «Կարմիր գծերի միջոցով դու կարող ես խցանումների ժամանակ կոնկրետ ժամանակներ սահմանես, երբ կանգառն ընդհանրապես արգելվի: Ենթադրենք, եթե գիտենք, որ Կոմիտաս պողոտայում խցանում է առաջանում ժամը 11-16-ը, երկու կողմերից կարելի է արգելել կանգառը, ավելացնել գծեր: Դրանով խցանումները կպակասեն»:

Նշենք, որ «Երկիր Ծիրանի»-ի թեկնածուները շրջում էին բակերով՝ հայտարարելով, որ «միասին ենք ազատագրելու երկիրն այս աղբից, անարդարությունից, կոռուպցիայից»: Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի ուշ կմիանա նրանց: