Դա համարենք Լեւոն Զուրաբյանի հրաժեշտի հայտարարությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե Երեւանի ավագանու ընտրությունները նման են Շրեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշի միջեւ պայքարին:

«Դա համարենք Լեւոն Զուրաբյանի հրաժեշտի հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ՝ նա քաղաքականությանը հրաժեշտ է տալիս եւ համարենք հրաժեշտի արտահայտությունը»,-ընդգծեց Փաշինյանը:

Ավելի վաղ այսօր՝ մայիսի 5-ի առավոտյան ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է. «Երեւանի ավագանու ընտրությունները նման են Շրեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշի միջեւ պայքարին։ Սակայն այս մուլտիֆիլմի հեղինակը չունի Դիսնեյի տաղանդը։ Բացի ամեն ինչ փչացնելուց նա ոչ մի լավ բան չի ստեղծում»: Նա հավելել է, որ Երեւանի ավագանու ընտրություններից լուրջ բանի հնարավոր չէ սպասել։

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խորհրդարանական ընտրություններում չի հաղթահարել նվազագույն շեմը եւ ներկայացված չի լինի նոր ԱԺ-ում:

Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։