«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երեւանը հանրապետականից, սկսում ենք Երեւանից» արշավի ընթացքում այցելել է Անի եւ Կարս: Այդ մասին ասվում է կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ։
«Այցելության միջոցով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ողջ հայ ժողովրդին եւ երեւանցիներին` ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ: Անիի կործանման հիմքում ընկած էին` արատավոր բարքերը, դավաճանությունը, ագահությունը, նյութապաշտությունը եւ եսապաշտությունը:
Այսօր մեր պետականությունում, ինչպես շուրջ տասը հարուրամյակ առաջ Անիում, տիրում են արատավոր բարքեր, դավաճանություն, ագահություն, նյութապաշտություն եւ եսապաշտություն, ինչը տանում է կործանման ներկայիս հայոց պետականությունը:
Պատրաստվող տեսաուղերձը ներառելու է համեմատություն` անցյալի եւ ներկայի դավաճանության միջեւ:
Հավելենք, որ Անիում գտնվելու ընթացքում խոչընդոտվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների ինտերնետային ուղիղ եթերը, սակայն հաջողվեց լուսանկարներ եւ տեսաձայնագրություն իրականացնել Հայոց մայրաքաղաքից, որոնք շուտով կներկայացվեն մեր հանրությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
































