Երեւանի ավագանու ընտրություններում ընտրվելուց հետո «Ելք» դաշինքը Երեւան քաղաքի բյուջեում փոփոխություններ կսահմանի եւ սոցիալական աջակցություն կառաջարկի քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշիքնից ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման նորընտիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Այսօր համապատասխան դրույթը ներառվել է դաշինքի նախընտրական ծրագրում։ «Եթե քաղաքացին համապատասխան դիմում ներկայացնի ու հայտնի, որ իրեն ընտրակաշառք են առաջարկել, Երեւանի բյուջեից նա 15 հազարական դրամի չափով սոցիալական աջակցություն կստանա»։
Այն հարցին, թե ինչպես են ստուգելու, որ քաղաքացին ընտրակաշառք չի ստացել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մենք հավատում ենք մեր ընտրողներին»։
Խոսելով այն մաիսն, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա որպես ընտրակաշառք չի դիտարկի, Փաշինյանն ընդգծել է. «Թող միայն փորձի»։ Իսկ հանդիպմանը ներկա ՀՀ խորհրդարանի եւս նորընտիր պատգամավոր Էդմոն Մարքույանն, իր հերթին, նկատել է. «Ի՞նչ եք կարծում, մեր թիմում իրավաբաններ չկա՞ն»։




























