Մենք փիար չենք անում, իրողություններն ենք արձանագրում, որ պետք է փոխվեն Երևանի վերելակները։ Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու և «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Նա նախընտրական քարոզարշավն այսօր՝ մայիսի 8-ին անցկացվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում պատասխանեց նաև լրագրողների մի քանի հարցերի:

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի արտահայտությանը, թե պետք չէ մահվան վրա  փիար անել, Նիկոլ Փաշինյանը նշեց.  «Մենք վերելակների վրա ենք փիար անում,մահվան վրա չենք անում: Երևանի վերելակների 95 տոկոսը փոխման ենթակա ա, բա մահվան վերելակ ա: Բա իրանք ինչի վրա են  փի-ար անում: Մենք փիար չենք անում, իրողություններն ենք արձանագրում, որ պետք է փոխվեն Երևանի վերելակները և մենք ասում ենք՝ ոնց ենք դա անելու»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում փոխելու ենթակա նվազագույնը  5500 վերելակ կա: Հիմնադրվելու է վերելակների արտադրություն: Մրցույթ կհայտարարվի, իսկ  լավագույն գին-որակ հարաբերակցություն ապահովող ընկերության հետ քաղաքապետարանը կկնքի պայմանագիր.

«Էդ մարդիկ երաշխիք կունենան, որ ունեն շուկա, այսինքն իրենց արտադրանքը չի մնա իրենց վրա, կգնվեն այդ վերելակները և մահվան վերելակները կփոխարինվեն կյանքի վերելակներով»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ «մահվան վերելակներ» արտահայտությանը, նշելով. «Մահվան վրա խրախճանք էլ չի կարելի անել: Մանավանդ, եթե վերելակները այդքան կարևոր են, ինչու իրենց նաընտրական ծրագրում, որքանով ես եմ ծանոթ, վերելակային տնտեսության մասին բան չկար գրած»: