Ծանր վիճակի բերումով մարդիկ հարկադրվում են ընտրակաշառք վերցնել։ Այս մասին այսօր` մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախօրեին «Ելք»-ի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ընտրակաշառք չվերցրած անձանց Երեւանի բյուջեից 15 000-ական դրամ տալ:
«Այսինքն, մարդիկ այնքան խոցելի են, որ նրանց կարելի է հարկադրել որոշակի գործողությունների ընտրակաշառք վերցնելու եւ այդ առումով, կարծում եմ՝ սա հնարավորություն է՝ ազատագրվելու մարդկանց ընտրակաշառքի ճիրաններից»,–նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ «Ելք»–ը, փաստորեն, դրանով օրինականացնում է ընտրակաշառքը, Փաշինյանն ասել է՝ պետք է տարբերել, թե ինչ է ընտրակաշառքը եւ «Ելք»–ի նախագիծը։
«Գնահատականը պետք է կոռեկտ լինի: Ընտրակաշառքը Քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է, հետեւաբար արվում է գաղտնի: Ընտրակաշառք բաժանելու համար որեւէ մեկը ասուլիս կանի՞»,–ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ այլ երկրի՞ց են վերցրել նախագծի գաղափարը, Փաշինյանը պատասխանել է . «Ո՛չ, մեր գաղափարները ծնվում են մեր քննարկումների արդյունքում, մենք ունենք ինտելեկտուալ բավարար ներուժ եւ որեւէ մեկին կրկնօրինակելու անհրաժեշտություն չունենք, չնայած ուրիշների փորձն ուսումնասիրելը արգահատելի չէ, բայց մենք աշխատում ենք մեր օրիգինալ լուծումները ներկայացնել»:




























