Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի առաջարկությանը, ըստ որի ընտրակաշառքից հրաժարված ցանկացած քաղաքացու 15.000 դրամ սոցիալական աջակցություն կտրամադրվի Երեւանի ավագանու որոշմամբ:

«Մեր կարծիքով այդ գումարները երկարաժամկետ պետք է օգտագործվեն։ Իրենք ասում են մի վերցրեք ընտրակաշառքը, եկեք մենք այլ ընտրակաշառք կտանք։ Դա պարզապես դատապարտելի, քրեորեն պատժելի արարք է»,-հայտարարեց Փոստանջյանն ու հավելեց. «Կարծում եմ՝ ընտրողները պետք է կողմնորոշվեն և դեմ քվեարկեն բոլոր նրանց, ովքեր իրենց դրդում են գնալ կեղծարարության: Իրենք քվեարկում են գաղտնի և, այդ գաղտնիությունից օգտվելով, կարող են իրենց վրեժը լուծել բոլոր նրանցից, ովքեր իրենց գցել են այդ վիճակի մեջ: Այդ 10 հազար կամ 5 հազար դրամները կամ 15 հազար դրամն ուղղակի մահապատժից առաջ մի ընթրիքի կազմակերպում է, նրանք պետք է հրաժարվեն»:

Փոստանջյանի խոսքով, իրենք պետք է իրականացնենք երկարատև ծրագիր, որի ներքո մարդիկ կարիք չունենան ընդհանրապես այդ 15 հազար դրամների. «Ի՞նչ է ստացվում. առաջարկում են, որ մենք կգանք իշխանության՝ կտանք ընտրակաշա՞ռք: Եթե մեկի անունը պետք է փոխվի մյուսով, գա նույնն անի, ապա դա փոփոխություն չէ, այլ մեկ անձի անվան փոփոխություն մյուսով»:

Իսկ «Երկիր Ծիրանին. առաջարկում է համակարգային փոփոխություն, քանի որ եթե ընտրողները հրաժարվեն ընտրակաշառքից, տեղի կունենա երկարատև բարեկեցություն ուղենշող հսկայածավալ փոփոխություն: