«Ելք» դաշինքն անցավ իշխանության կողմը, երբ ընդունեց ԱԺ ընտրությունների արդյունքները, իսկ հիմա շարունակում է այդ գործընթացը: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

«Երբ նրանք հայտարարեցին, որ փաստացի ճանաչում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հաստատեցին, որ շարունակում են համագործակցությունը իշխանությունների հետ»,-ասաց Փոստանջյանն ու հավելեց, որ «Ելք» դաշինքը դեռ իր քննությունը լիարժեք չհանձնած, արդեն ձախողեց երկրորդ փուլը»:

Նրա խոսքով, «Ելք» դաշինքը պատրաստ է շարունակել համագործակցությունը իշխանությունների հետ, Նիկոլ Փաշինյանը վերցրել է պատգամավորի մանդատը, իսկ «Երկիր Ծիրանիի» միակ խնդիրը Հանրապետականի դեմ պայքարն է:

Հարցին, թե արդյոք «Երկիր Ծիրանին» կվերցնի ավագանու մանդատները, եթե մեծամասնություն չլինի, Փոստանջյանը պատասխանեց. «Մենք գնում ենք վերցնենքւ իշխանությունը, մենք գնում ենք մեծամասնություն վերցնելու, «եթե»-ներով չենք խոսում: Այլ ճանապարհ չունենք, այլընտրանք չունենք»: