Երեւանում բացառիկ վիճակ է ստեղծվել, երբ ընդդիմությունը կարող է հաղթել ավագանու ընտրություններում: Մայիսի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ այս հաղթող ուժը, ըստ բոլոր դիտարկումների եւ հարցումների, կարող է դառնալ «Ելք» դաշինքը: «Ցանկանում եմ ընդդիմադիր ընտրողներին կոչ անել սեփական ձայնը չարժեզրկել եւ Տարոն Մարգարյանին թույլ չտալ այս ընտրություններում եւս անցնել»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա ոչ արդյունավետ է համարում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը: «Երեւանում ռազմավարական խնդիրներ կան, որոնք շարունակում են չլուծված մնալ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: