Դատախազությունը Ոստիկանությանը եւ ՀՔԾ-ին հանձնարարել է ստուգել քրեական գործ հարուցելու հիմքերը։

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել  11.05.2017թ. ժամը 21.00-ի սահմաններում Երեւան քաղաքի ՀԱԹ-ում գտնվող, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու, իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել նաեւ Հայկ Սարգսյանը՝ նույն նախընտրական շտաբի մոտ Վարդան Վարդանյանի կողմից իրեն հարված հասցնելու եւ մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ:

Նույն հանգամանքների վերաբերյալ հաղորդում է տվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին հանձնարարվել է նշված հաղորդումների առիթով քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու նպատակով իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ դատավարական գործողություններ:

Միաժամանակ, 12.05.2017թ. ժամը 14.32 րոպեին «armtimes.com» լրատվական կայքում հրապարակված «Մարգարյանի շտաբում «ՀԺ»-ի լրագրողը բռնության է ենթարկվել» հոդվածում, Կոմիտաս 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, ինչպես նաեւ վերջինիս կողմից մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված առերեւույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերի վերաբերյալ հանգամանքները ստուգելու նպատակով եւս ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր: