Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն ՄԱրգարյանը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ուղերձով է հանդես եկել: Նա նշել է, որ ընտրելով իրեն, երեւանցին հնարավորություն կունենա ավելի լա՛վ քաղաքային իշխանություններ եւ ավելի լավ Երեւան ունենալու:

«Արագ անցան Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի  հագեցած օրերը:

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ  եկան մեր հանդիպումներին:

Այս ժամանակահատվածում ես եւ մեր թիմը եւս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երեւանի եւ երեւանցիների առջեւ, լսելու ձեզ եւ ձեր հոգսերը, պատմելու մեր նոր ծրագրերի եւ ավելի լավ Երեւանի մեր պատկերացումների մասին, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:

Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի եւ հնարավոր լուծումների մասին:

Մեկ անգամ եւս շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով եւ փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիներ:

Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ եւ մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երեւանի բոլոր բնակիչներին:

Վստահեցնու՛մ եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:

Շնորհակալ եմ մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու եւ երեւանցուն օգտակար լինելու իրենց ցանկության համար:

Մայիսի 14-ը կարեւոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ: Եկե՛ ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, ապրենք Երեւանում եւ Հանու՛ն Երեւանի:

Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լա՛վ արդյունքներ, ունենալ ավելի լա՛վ քաղաքային իշխանություններ, ապրել Երեւանում` ավելի՛ արժանապատիվ պայմաններում  եւ ավելի՛ հարմարավետ կյանքով»,-ասված է ուղերձում: