Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի նախընտրական շտաբում եղել են 5,10, 20 հազար դրամանոց թղթադրամներ։ Այս մասին մայիսի 12-ին հայտնել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը՝ ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ որպես ականատես իր ելույթում։

Նրա խոսքով, երբ ինքը երկրորդ անգամ է մտել շտաբ, այնտեղ փողերն արդեն հավաքել էին ու տեղափոխել այլ սենյակ։Լրագրողի խոսքով իր նկատմամբ շտաբում անբարյացակամ էին տրամադրված։ «Ինձ վրա հարձակվեցին կանայք, որոնք ասում էին «Դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ»։ Ինձ ասում էին «Դու ի՞նչ է, փող ես ստացել , որ այստեղ գտնվես»։

ՀՀԿ-ի նախընտրական շտաբում Աննա Զախարյանից վերցրել են նրա հեռախոսը։

Երբ «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հարցրել է, թե ինչ պայմաններում են նրան վերադարձրել հեռախոսը, Աննան պատասխանել է «Իմ հեռախոսը վերադարձրել են ՝ այն անձեռոցիկի մեջ բռնած։ Ինձնից  հեռախոսը խլել էր մեկ մարդ, իսկ վերադարձրեցին երկու հոգով։ Նրանք բարձրացան տուն, թակեցին դուռը, ես բացեցի ու նրանք ինձ տվեցին հեռախոսը»։ Լրագրողի հեռախոսից ջնջված էին տեսագրությունները , կոնտակտները ու սմս հաղորդագրությունները։