Սանկտ Պետերբուրգի համար ավանդական՝ «Էրմիտաժային կատվի օրը» կանցկացվի մայիսի 13-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Էրմիտաժի մամուլի ծառայությանը:

«Էրմիտաժային կատվի օրը» հատուկ նախագիծ է, որը մշակել է Պետական Էրմիտաժը, եւ նվիրված է թանգարանում ապրող կատուներին: Կատուները թանգարանի կարեւոր մասն են դարձել եւ էրմիտաժային նշանակալի լեգենդներից մեկը:

Տոնակատարության բացման արարողությունը կընթանա կեսօրին՝ Ձմեռային պալատի Մեծ բակում:

Էրմիտաժային կատուների պատմությունը սկսվել է ХVIII դարի սկզբից, երբ Պյոտր I-ը Ձմեռային պալատում է բնակեցրել Հոլանդիայից բերած կատվին: Էրմիտաժի հիմնադիր Եկատերինա Մեծը կատուներին պատկերասրահների պահապանների կարգավիճակ է շնորհել: Պատկերասրահներում կրծողներից պաշտպանելու համար կատուներ պահելու ավանդույթը միայն մեկ անգամ է խախտվել՝ Լենինգրադի շրջափակման ժամանակ: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կենդանիների թիվը հասնում էր մի քանի տասնյակի, իսկ թանգարանում հատուկ ծառայություն է ստեղծվել արտասովոր «աշխատակիցներին» խնամելու համար: Ներկայումս թանգարանների նկուղներում մոտ 50-60 կատու է ապրում: