Վարչական դատարանը վերադարձրել է «Ելք» դաշինքի հայցադիմումը, որով դաշինքը պահանջում էր անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը եւ գրանցումից զրկել Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը։
Դաշինքի լիազոր-ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով, «Ելք» դաշինքը այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 17:55 րոպեին Վարչական դատարան է մուտքագրել հայց։ «Վարչական դատարանը երկուսուկես ժամ հետո առձեռն հանձնել է որոշում, որով վերադարձնում է դիմումը այն հիմքով, որ լիազոր ներկայացուցիչը չի կցել լիազորագիրը։ Սա պատրվակ է դիմումը չքննելու համար»,- ասել է Զեյնալյանը։
Ըստ Զենյալյանի, վարչական դատարանի այդ քայլը հակասում է օրենսդրությանը եւ միտված է դաշինքին զրկել ողջամիտ ժամկետում հայց ներկայացնելու հնարավորությունից։




























