Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով կազմավորված է 474 ընտրական տեղամաս, քվեարկությունը կազմակերպում է տասը տարածքային ընտրական հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ գրանցված է 3792 հանձնաժողովի անդամ, որոնցից բացակայել է 14-ը:
«Սահմանված կարգով եւ ժամկետով առավոտյան ժամը ութին բացվել են տեղամասերը: Բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են», - ասաց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ավագանու ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված է 32 լրատվամիջոց՝ 476 անդամով եւ երեք օտարերկրյա լրատվամիջոց:
Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին դիտորդական առաքելություն է կազմակերպում 17 տեղամասային կազմակերպություն՝ հինգ հազարից ավելի դիտորդով եւ մեկ միջազգային կազմակերպություն՝ տասը դիտորդներով:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:




























