Քենիան, Հայաստանը եւ Արգենտինան այն երկրներն են, որոնք ամենից շատ են պատրաստ իրենց մոտ փախստականներ ընդունելուն: Այս մասին մայիսի 28-ին հայտարարեց Kantar Public ընկերության մեթոդիկայի հարցերով տնօրեն Հայկ Գյուզալյանը՝ Aurora Dialogues-ի ինտերակտիվ քննարկումների երկրորդ օրը ներկայացնելով «Ավրորա-2017» մարդասիրության ցուցիչի արդյունքները (ֆոտոռեպորտաժ):
«Ավրորա-2017» մարդասիրության ցուցիչի տվյալների համաձայն՝ Քենիայում հարցվածների 87 տոկոսը իր երկրում փախստականներին ընդունելու պատարստակամություն է հայտնել, Հայաստանում՝ 80 տոկոսը, Արգենտինայում՝ 68 տոկոսը: «Ռուսաստանը (17 տոկոս), Ճապոնիան (22 տոկոս) եւ Թուրքիան (31 տոկոս) փախստականներին ընդունելու հարցում հակառակ կողմում են հայտնվել»,- նշեց Հայկ Գյուզալյանը:





























