Առաջին հանրապետության օրը այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ծաղիկներ են դրել 1918 թվականին զոհվածների հիշատակին նվիրված հուշակաթողի մոտ (ֆոտոռեպորտաժ):

Նրանք մասնակցել են Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել, որից հետո կաթողիկոսի գլխավորությամբ աղոթք է հնչել:

Այնուհետեւ հուշահամալիրում մեկնարկել է զինվորական քայլերթը, որին հաջորդել է զինված ուժերի ցուցադրությունը:

Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված և Հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության օրը: 1918թ. մայիսին հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան: Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 96 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային  խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:

Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր: Այս տարի նաեւ կայանալու է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւ է շնորհվում այն հերոսին, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց: