Ղարաքիլիսիայի եռօրյա հերոսամարտը կյանք տվեց ողջ հայությանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Լոռու մարզում Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա իր խոսքում նշեց, որ 99 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը մահվանը հաղթելով վերականգնեց իր պետականությունը. «Մեր ժողովրդի պատմությունը ոչ այլ ինչ է, քան անկախության համար պայքար: Այդ անկախության համար պայքարն սկսվեց դեռեւս Քրիստոսից առաջ 2492 թվականին, երբ մեր Հայկ նահապետը կռիվ տալով արեւելքի տիտան Բելի դեմ հաղթանակեց եւ ի լուր ողջ աշխարհի հայտարարեց, որ մենք Աստծո կամոք ծնվել ենք Հայոց հայրենիքում որպես հայեր եւ չունենք այլ առաքելություն, քան ապրել ու արարել մեր հայրենիքում, հայկական բարձրավանդակում:

Անկախության համար պայքարում էր Արտաշես 1-ինը, անկախության համար պայքար էր Ձիրավի փառապանծ ճակատամարտը: Անկախության համար ամենավեհ պայքարը դա Վարդան Մամիկոնյանի Ավարայրն էր եւ դարեր անց Ղարաքիլիսայում, ինչպես իրավամբ կնշեր Ավետիս Ահարոնյանը, հայ ժողովուրդը Ղարաքիլիսայում տվեց իր նոր Ավարայրը, որովհետեւ հենց Ղարաքիլիսայում առավել քան Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում որոշվում էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը: Ինչպես ճշմարտացիորեն կնշեր 20-րդ դարի մեր մեծագույն հայերից մեկը՝ Գարեգին Նժդեհը, Ղարաքիլիսիայի եռօրյա հերոսամարտը կյանք տվեց ոչ միայն արեւելահայությանը, այլեւ ողջ հայոց հանրապետությանը: Եթե չլիներ Ղարաքիլիսան, մենք այսօր չէինք ունենա Հայաստան»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ այսուհետ եւս մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք

Նրա խոսքով, մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի. «Կգնանք այդ ճանապարհով, կունենաք ուժեղ Հայաստան, չենք գնա՝ այլ ճանապարհ չկա: Ղարաքիլիսայում մենք ասացինք՝ կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու: Մենք այսօր ունենք այդ Հայաստանը, անկախ Հայաստանը եւ պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի գնալով ուժեղանանք եւ մտքով, եւ բազկով, եւ ոգով»: