Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգներին պարգեւատրել է Մխիթար Գոշի շքանշանով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ավանդի համար։

«Սա առաջին պարգեւատրությունն է, որը ես ստանում եմ Հայաստանում։ Ես այն ընդունել եմ խորհրդարանի իմ գործընկերների անունից, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը (Ցեղասպանության ճանաչմանը)»,- խոստովանել է Քրիստոֆ Բերգները պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում։

Նա հավելել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկարատեւ գործընթաց է եղել, որը վերջապես ավարտվել է անցած տարի ու միայն մի քանի մարդ է դեմ քվեարկել այդ որոշմանը։

«Անցած տարի վերջապես որոշումն ընդունվել է , ու այդ որոշումը ավանդ է պատմական ճշմարտության ճանաչման գործում։ Այն կարող է դառնալ հիմք հաշտեցման համար, չէ՞ որ հաշտեցումը չի կարող հիմնվել ստի ու իրականությունից խուսափելու փորձի վրա»,- նշել է պատգամավորը։

Նա հավելել է, որ ապագայում մտադիր է շարունակել իր գործունեությունը ու իր ավանդն ունենալ Գերմանիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման մեջ։

Հիշեցնենք, որ 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, որում հայտնել է, որ խոնարհվում է հայերի ու Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդների առջեւ, որոնք 101 տարի առաջ ենթարկվել են աքսորի ու կոտորածների։

Բանաձեւը նաեւ զղջում է հայտնում այն կապակցությամբ, որ Գերմանիայի կառավարությունը ժամանակին չի ձեռնարկել ոչինչ, որպեսզի կանգնեցնի մարդկության դեմ հանցագործությունը, որի համար Բունդեսթագը պատասխանատու է համարում նաեւ Գերմանիային։