Ներկայում Թուրքմենստանի էլեկտրաէներգիայի հիմնական սպառողներն Իրանն ու Աֆղանստանն են: Այս մասին մայիսի 31-ին հայտարարեց Թուրքմենստանի էներգետիկայի նախարար, Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահի տեղակալ Չարիմուրատ Պուրչեկովը՝ ելույթ ունենալով Միջազգային էնեգետիկ խարտիայի աշխաբադյան համաժողովի երկրորդ օրը:
Նրա խոսքով՝ ցանկացած երկրի տնտեսության կայուն զարգացումը հնարավոր չէ առանց էներգետիկայի: «Թուրքմենստանի էներգետիկան նույնպես բացառություն չէ: Այդ քաղաքականության հաջող իրականացման համար նախագահի ղեկավարությամբ լայնածավալ ծրագիր է իրականացվում»,- նշեց Պուրչեկովը:
Թուրքմենական էլեկտրաէներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացման հիմնական ուղղություններից են Պակիստանն ու Հնդկաստանը: Չարիմուրատ Պուրչեկովը, միաժամանակ, հայտնեց, որ Թուրքմենստանը պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխշահավետ համագործակցության:
Հիշեցնենք, որ Աշխաբադում շարունակվում է Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովը՝ «Էներգառեսուրսների տարանցման հարցում բազմակողմ շրջանակային համաձայնագրի ճանապարհին» թեմայով: Համաժողովին մասնակցելու համար Թուրքմենստանի մայրաքաղաք են ժամանել պաշտոնական պատվիրակություններ աշխարհի մոտ 50 երկրից: Համաժողովին կհաջորդի էներգետիկ մեդիա-ֆորումը՝ նվիրված Էներգետիկ խարտիայի գործընթացին եւ 2017թ. Էներգետիկ խարտիայի համաժողովում Թուրքմենստանի նախագահության առաջնահերթություններին:




























