Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըն ապօրինաբար տեղափոխվել է վրացա-ադրբեջանական սահմանով, կտտանքների ենթարկվել եւ ձերբակալվել Ադրբեջանում։ Այս մասին ասվում է իրավապաշտպան Amnesty International կազմակերպության հայտարարությունում հաղորդում է contact.az-ը։

«Դա իրադրության վատագույն զարգացումն է լրագրողների ու իրավապաշտպանների ակտիվորեն ճնշումներով հայտնի երկրում։ Աֆղան Մուխթարլըն անհապաղ պետք է ազատ արձակվի եւ չպետք է կտտաքնների ենթարկվի։ Նա խղճի բանտարկյալ է»,- ասել է Թբիլիսիում գտնվող Amnesty International-ի ներկայացուցիչ Լեւան Ասաթիանին։

Մուխթրալըի փաստաբանը հայտնել է, որ նրան Թբիլիսիում առեւանգել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ավտոմեքենա նստեցրել, քաղաքից դուրս տարել եւ ծեծի ենթարկել։ Հետո Մուխթարլըին մի քանի անգամ տարբեր մեքենաներ են նստեցրել, գլխին պարկ անցկացրել ու նրա հետ միասին հատել սահմանը։

«Ըստ երեւույթին, Վրաստանի իշխանությունները մասնակից են Մուխթարլըին բռնի Ադրբեջան տեղափոխելուն։ Նրա ընտանիքի անդամներն ասել են, որ Թբիլիսիի փողոցներում Աֆղանին երկար ժամանակ անհայտ անձինք են հետեւել։ Վրաստանի իշխանությունները պետք է միջադեպի անհապաղ եւ ազնիվ հետաքննություն իրականացնեն ու հաշվետվություն ներկայացնեն այդ գործողության բոլոր մասնակիցների վերաբերյալ»,- ասել է Ասաթիանին։