Արցախում այս տարվա մարտին տնտնեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. մարտի համեմատ աճել է 7.8 տոկոսով, 2017թ. փետրվարի համեմատ` 6.2 տոկոսով, իսկ իսկ 2017թ. հունվար-մարտին (աճողական) 2016թ. հունվար-մարտի համեմատ` 11.5 տոկոս:
Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 8.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 4.8 տոկոս: 2017թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 297.1 հազ. դրամ, 611.6 ԱՄՆ դոլար կամ 573.5 եվրո:
2017թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 15.0մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 14.8 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2016թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 115.6 տոկոս, 162.4 տոկոս հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, 110.5 տոկոս՝ մշակող արդյունաբերության, 106.3 տոկոս՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 104.9 ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում:
ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 31.3%, մշակող արդյունաբերություն` 24.5%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 42.8%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.4%:
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2017թ. հունվար-մարտին, փաստացի գներով կազմել է 5.1 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 5.1մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.02մլրդ դրամ, 2016թ. հունվար-մարտի համեմատությամբ, համադրելի գներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 15.1 տոկոսով: 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 15.3 տոկոսով նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, այդ թվում` կովերինը` 13.1 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 25.8 տոկոսով, խոզերի գլխաքանակը` 24.7 տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը աճել է 1.9 տոկոսով:




























