Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը պնդում է, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանը զրպարտություններ է տարածում իր մասին Բյուրեղավանի գիշերօթիկում կատարվածի վերաբերյալ:
NEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանի հայտարարությանը, թե ինքը ցուցմունք է տվել սոցապնախարար Արտեմ Ասատրյանի դեմ, Ֆիլարետ Բերիկյանը նշեց. «Իմ ցուցմունքը հետեւյալն է, որ դիմումի մասին զեկուցել եմ նախարարին եւ հանձնարարություն ստացել մամուլից պարզել դիմում տվող անձի տվյալները, նրան հանդիպելու եւ կատարված չաշարահումների եւ աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի մասին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու մասին»:
Հիշեցնենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի ծնողների եւ նրանց երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ գործի նյութերով պարզվել է, որ Արտեմ Ասատրյանն է Բերիկյանին հրաման տվել, որ գնա, պարզի, թե ով է դպրոցի խնդիրները բարձրաձայնած նամակի հեղինակը:
Ֆիլարետ Բերիկյանի խոսքով, փաստաբանի այն հայտարարությունը, թե Արտեմ Ասատրյանն իրեն հանձնարարել գտնել դիմումի հեղինակին եւ պատժել, իրականությանը չի համապատասխանում: Նախկին փոխնախարարը հերքեց նաեւ փաստաբանի այն հայտարարությունը, թե իր դեմ հարուցված քրեական գործը վերաբացվել է:
«Նա արդեն մի քանի տարի շարունակ պարբերաբար իմ մասին զրպարտություններ է տարածում, որոնք իրականությանը չեն համապատասխանում, եւ եթե զրպարտության հոդվածն ապաքրեականացված չլիներ, ես կդիմեի դատարան նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց նախկին փոխնախարարը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել էին իշխանություններին՝ հայտնելով, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, իսկ տնօրեն Գայանե Մարգարյանն էլ չարաշահումներ է թույլ տվել: Դեռ այդ ժամանակ Բերիկյանը հանդիպել էր դպրոցի սաների, ծնողների ու կոլեկտիվի հետ եւ փորձել պարզել, թե ովքեր են նամակի հեղինակները:
Հետաքրքիր է, որ գործ հարուցվեց միայն չարաշահումների փաստի առթիվ: Այսօր ամբաստանյալի աթոռին է հայտնվել դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը:
Տիգրան Հայրապետյանի երկարատեւ պայքարից հետո միայն կատարվածում Ֆիլարետ Բերիկյանի առնչության վերաբերյալ քրեական գործ հարուցվեց, որն ավելի ուշ կարճվեց:





























