Հայաստանում հունիսի  1-ին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական՝ 15-րդ նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ամփոփվել են նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը, կատարված աշխատանքները եւ նախանշել առաջիկա անելիքները: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ այլ միջազգային իրավապահ կառույցների հետ համագործակցության զարգացման ուղիները, ԱՊՀ տարածքով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման սխեմաներն ու ուղիները հայտնաբերելու եւ կանխելու միջոցները: Ամփոփվել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների միջազգային ապօրինի  շրջանառության դեմ  պայքարի համատեղ միջոցառումների արդյունքները: Հստակեցվել են ԱՊՀ անդամ երկրների տարածքներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության հետագա քայլերը:

Անդրադարձ է եղել նաեւ անդրսահմանային ինտերնետ-առեւտրի իրավախախտումների կանխմանն ուղղված խնդիրներին, ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների աշխատակիցների վերապատրաստմանը: Մաքսային իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվել է ԱՊՀ տարածքում իրականացնել բազմակողմ հատուկ գործողություններ: Մշակվել են նաեւ համակարգված միջոցներ՝ ուղղված տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը: 

ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները ծանոթացել են նաեւ Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքներին: ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի տեղեկացմամբ՝ Կոմիտեի գործունեության շրջանակում մշակվել է օպերատիվ տեղեկատվության փոխանակման կարգ, ինչի հիման վրա էլ ԱՊՀ անդամ պետությունների միջեւ իրականացվում է մաքսային իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում. «Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է հավանական մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվության ստացումը դարձնել շուրջօրյա՝ ձեռնարկելով առավել օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ: Այժմ աշխատանքներ են տարվում նաեւ վերահսկելի մատակարարումներն ակտիվացնելու ուղղությամբ»:

Բարձր գնահատելով գործակացության մակարդակը, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Սերիշեւը տեղեկացրել է, որ 2016 թվականի ընթացքում համատեղ անցկացվել է 3 միջազգային միջոցառում. «Արդյունքում հաջողվել է կանխել 1016 ապրանքի եւ ապրանքխմբերի մուտքը, այդ թվում՝ առգրավել 96 կիլոգրամ թմրամիջոց, հոգեմետ նյութեր եւ դրանց բաղադրիչներ, 70 հազար փաթեթ ծխախոտ, կես միլիոն ԱՄՆ դոլար եւ մտավոր սեփականության 100 հազար օբյեկտ: Ձեռնարկված համատեղ միջոցառումներով հարուցվել է 39 քրեական գործ  եւ վարչական իրավախախտման 910 դեպք»:

Կարեւորելով համագործակցության խորացումը, գործընկերներն ընդգծել են, որ ձեռքբերված համատեղ լուծումները կնպաստեն մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: