Վանաձորի քաղաքապետարանի գործունեության օրինականությունը վիճարկելու  համար անհրաժեշտ է  շուրջ երկու տասնյակ պատգամավորի ստորագրություն։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մինչ օրս  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին համարում է ոչ լեգիտիմ քաղաքապետ եւ պատրաստվումէ վիճարկել քաղաքապետարանի նիստեր գումարելու օրինականությունը։ Պետք է դիմեն Սահմանադրական դատարան, որի համար անհրաժեշտ է շուրջ երկու տասնյակ պատգամավորի ստորագրություն։

«Իրենք միշտ պնդում են, որ ավագանու օրենքով  սահմանված թվի մեկ քառորդը կարող է նիստ գումարել ու որոշում ներկայացնել, այնինչ օրենքը հստակ նաեւ սահմանում է, որ նիստը իրավազոր է, եթե ներկա է ավագանու թվի անդամներից ավելին։ Այսինքն՝ առնվազն 17 հոգի,  սակայն իրենք ասում են՝  չէ, որոշում կայացնելու համար  հնարավոր է նաեւ 9 հոգով։ Հիմա, մենք Սահմանադրական դատարանում վիճարկելու ենք քաղաքապետարանի նիստեր հրավիրելու օրինականությունը»,–ասաց Մարուքյանը։

Քրիստ Մարուքյանն ասաց՝ ՍԴ դիմելու գործընթացը ձգձգվում է տեխնիկական պատճառներով։ Խորհրդարանի ձեւավորման աշխատանքները նոր են ավարտվել, առաջիկայում կսկսվի ստորագրահավաքը։

Հարցին՝ ինչ ակնկալիք ունեն՝ հաշվի առնելով, որ նախկինում մշտապես տապալվել են նման ստորագրահավաքները, Մարուքյանը դժվարացավ խոսել ակնկալիքների մասին. «Չեմ կարող ասել՝  ինչ ակնկալիք, ամեն դեպքում,  ենթադրություններով չենք առաջնորդվում, քայլերը կանենք՝ կերեւա»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ի ՏԻՄ ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան», «Հայկական Վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունների դաշինքը բոյկոտել է ավագանու  նիստերը՝ համարելով, որ Մամիկոն Ասլանյանը լեգիտիմ քաղաքապետ չէ։ Այդ երեք ուժերը ավագանիում ունեն 18 մանդատ, իսկ ՀՀԿ-ն՝ 17 մանդատ: Ու թեեւ ՀՀԿ անդամները ավագանու կեսից քիչն են, Մամիկոն Ասլանյանը նիստեր է հրավիրում եւ բնականոն հունով աշխատում։