Նորածնի առքուվաճառքի գործով 1 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի պաշտպան Հերմինե Միքայելյանը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած որոշման հետ:
NEWS.am-ի հետ զրույցում Հերմինե Միքայելյանը նշեց, որ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել ամբաստանյալների նկատմամբ, հավասար պայմաններում չի քննել գործը:
«Նախ եւ առաջ դատարանը հաշվի չի առել իմ պաշտպանյալի առողջական վիճակը: Մենք համապատասխան փաստաթղթեր ենք ներկայացրել, որ Գոհարիկ Խաչատրյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, սակայն դատարանը դրանք չի համարել մեղմացուցիչ հանգամանքներ: Երկրորդ, դատարանը մյուս երեք կանանց տվել է պայմանական ազատազրկում, իսկ իմ պաշտպանյալին՝ ազատազրկում: Այս ամբողջի կազմակերպիչը եղել է Կարինե Անտոնյանը, սակայն նրան պայմանական ազատազրկում է տվել, իսկ իմ պաշտպանյալին դատապարտել ազատազրկման: Դատարանում Կարինե Անտոնյանը հայտարարեց, որ հղի է, սակայն որեւէ ապացույց դրա վերաբերյալ չներկայացրեց, բայց դատարանը դա համարեց մեղմացուցիչ հանգամանք: Քրիստինե Կիրակոսյանի մասով էլ դատարանը մեղմացուցիչ հանգամանք համարեց նրա ֆիզիոլոգիական վիճակը, սակայն երբվանի՞ց է չբերությունը համարվում մեղմացուցիչ հանգամանք»,- ասաց փաստաբանը:
Հերմինե Միքայելյանի խոսքով, դատարանը մյուս երեք ամբաստանյալների մասով հաշվի է առել, որ կանայք են, առաջին անգամ են նման իրավիճակում հայտնվում եւ դատապարտեց պայմանական ազատազրկման, մինչդեռ Գոհարիկ Խաչատրյանի մասով այդ ամենը հաշվի չի առել: Նշենք, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է բժշկուհի Կարինե Անտոնյանին, երեխայի մայր Ալլա Կարապետյանին եւ երեխայի գնորդ Քրիստինե Կիրակոսյանին դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին՝ 1 տարի 10 ամիս ազատազրկման: Կարինե Անտոնյանն ու Գոհարիկ Խաչատրյանը տուգանվել են նաեւ 400 հազարական դրամով:
Գոհարիկ Խաչատրյանի պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարան է դիմել՝ բողոքարկելով առաջին ատյանի կայացրած վճիռը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը, բժշկուհի Կարինե Անտոնյանը, երեխայի մայր Ալլա Կարապետյանն ու երեխայի ենթադրյալ գնորդ Քրիստինե Կիրակոսյանը կազմակերպել են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը եւ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը եւ այդ նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելը:
Բժշկուհուն ու բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-168-րդ եւ 325-րդ հոդվածներով, իսկ Ալլային եւ Քրիստինեին՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով: Չորսն էլ ստորագրւթյամբ ազատ են արձակվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին:





























